Այսօր, երբ ԱԺ-ում մեկնարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսել է պատգամավորներին թռուցիկներ բաժանել, որով առաջարկում էր դեմ քվեարկել պայմանագրին: Սա առաջացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի դժգոհությունը, ով արձագանքել է. «Սա ինչ է, գոնե կարող էիք վարման կարգով խոսեիք կամ նախապես բաժանեիք: Վերջացրեք ձեր ապօրինի գործունեությունը»:
Զարուհի Փոստանջյանը, սակայն, անդրդվելի է մնացել ու թռուցիկներ է տվել նաև ԱԺ նախագահին և փոխնախագահներին: «Սա արդեն բեսպրեդելն է, ուրախացեք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Զարուհին առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում ոչ ստանդարտ վարքագծով: Դրանով նա տարբերվում է մյուս պատգամավորներից՝ արժանանալով թե դրվատանքի՝ խիզախության, և թե քննադատության՝ պատգամավորի կարգավիճակը «ջրիկացնելու» համար:
Ինձ միշտ թվացել է, որ Զարուհին այդպես էլ չի հարմարվել պատգամավորական գործունեությանը ու հաճախ է երանությամբ հիշում իր իրավապաշտպան առաքելությունը, որով, ի դեպ, զբաղվում է նաև հիմա շատ ավելի պրոֆեսիոնալ ձևով, քան օրենսդիր աշխատանքով:
Մյուս կողմից, այն, ինչ այսօր առավոտյան խորհրդարանում արել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը՝ միանգամայն ընդունված պրակտիկա է կայացած ժողովրդավարական երկրներում, որովհետև Զարուհին իր գործընկերներին փոխանցել է ուղերձներ, որոնք արտահայտում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդմակցությանը դեմ արտահայտվող քաղաքացիների տրամադրությունները: ՈՒ բացարձակապես էական չէ, թե որքան է այդ քաղաքացիների թիվը:
Մի խոսքով, «բեսպրեդելի» մասին խոսք անգամ լինել չի կարող: Հանրապետական մեծամասնության ու նրա ղեկավարների մեջ խոսում է այլ հոգեբանություն. նրանք ընդվզում են ցանկացած երևույթի դեմ, որը կարող է խաթարել իրենց անդորրը: Նույն ԵԱՏՄ-ն այդքան գուցե սարսափելի չէ, եթե վտանգավոր խեղվածություն չունենա մեր էլիտայի մտածելակերպը: Իսկ մեր էլիտան փորձում է կանխավ ադապտացվել ռուսաստանյան «կարգապահությանը», որի խորհրդարանում ոչ միայն թռուցիկներ չեն բաժանվում, այլև չեն լինում սուր բանավեճեր ու վիճահարույց քվեարկութուններ:
Գոնե ես համոզվել եմ, որ ԵԱՏՄ գաղափարը մեզանում վարկաբեկում են ոչ թե դրա ընդդիմախոսները, որոնց փաստարկները հաճախ խոցելի ու ծայրահեղացված են, այլ դրա կողմնակիցները՝ իրենց վարքագծով առաջացնելով սովետական ռեստավրացիայի վտանգ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ